ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԻՍԿ ՄԵՐ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԴԻՐՔՈՐՈՇՎԻ ԸՍՏ ԱՍՏԾՈ ԱՌԱՔՅԱԼԻ
(նաև թող բաց նամակ կարդացվի` ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին և հայոց մտավորականության գիտակից, խղճմտանքի տեր խավին)
«Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից ու իրենց ուշադրությունը դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա` տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է: Նրանք արգելում են ամուսնանալ և հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտությանը վերահասու եղողները գոհությամբ վայելեն»:
Սա խիստ կարևոր հատված է մեր ժամանակների և խնդրո առարկա հարցի մասին, այդ պատճառով արևմտահայերեն ևս կրկնենք. թերևս ավելի լավ թարգմանություն լինելով` ավելի լիարժեք ըմբռնում առաջանա քննվող հարցի մասին:
«Հոգին յատկապէս կ՚ըսէ, թէ վերջին ատենները ոմանք պիտի հեռանան հաւատքէն, ուշադրութիւն դարձնելով մոլորեցուցիչ ոգիներու և դևերու վարդապետութիւններու։ Կեղծատրութեամբ սուտ պիտի խօսին, խանձուած խղճմտանք պիտի ունենան, պիտի արգիլեն ամուսնանալ ու ետ պիտի պահեն կերակուրներէն, որ Աստուած ստեղծեր է որպէսզի հաւատացեալները և ճշմարտութիւնը գիտցողները շնորհակալութեամբ ընդունին»: Տիմոթեոսին, 4-րդ գլուխ
Հարցն այստեղ բարձրաստիճան հոգևորականների, հատկապես եպիսկոպոսների ամուսնանալու կամ կուսակրոն մնալու խնդրին է վերաբերում, և ըստ Աստվածաշնչի սահմանների ենք ջանացել թերթում մեր քննումներն անել: Սակայն եթե պարոն Մեհրուժան Բաբաջանյանի մանվածապատ, ոչ Աստվածաշնչից բխող պատասխանը Գոհար Սիմոնյանի և իմ հոդվածներին թարգմանենք, կստացվի հետևյալը. ես համաձայն չեմ, դեմ եմ, որ եպիսկոպոսներն ամուսնանան, թեպետ, ըստ իմ կատարած սոցիոլոգիական հարցումների, մարդիկ կողմ են տպագրված հոդվածների առաջարկին:
Մարդը սոցիոլոգիական հարցումներ էլ է անցկացրել, գնահատելի աշխատանք է, և թվում է` հարգելու է «Ձայն բազմաց` ձայն Աստծո»-ն, սակայն հետևում է իր ներքին ձայնին, երբ իր խոսքի արտաքին տեսքն է միայն թեմային նմանություն:
Եվ այն սարքովի տպավորությունն է ստեղծում, որ ինքն այդ հարցերում կարևոր դեմք է հանդիսանում, անգամ, ասես, մեր Մայր եկեղեցու հարցերն ինքն է որոշողը և այլն: Երբ կարող էր միայն իր կարծիքը հայտնել, բայց անպատշաճ կլիներ իր կողմից մեզ պատասխանել, որովհետև հարցը մեր եկեղեցուն էր ուղղված և ոչ թե պարոն Մեհրուժին: Պատասխանել կարող էր միայն կաթողիկոսի հրավիրած հոգևոր գերագույն ժողովը, մանավանդ որ առաջարկված խնդիրը լուրջ է և գերագույն ժողովի ուշադրությանն արժանի:
Ասես մեկը պարոն Մեհրուժին կողքից դրդած լինի այս հարցով, որպես թե եկեղեցու անունից ինչ ուզում ես արա, պարոն Մեհրուժ, հարցը որքան հնարավոր է հավակնոտ ոճով, մանվածապատ ու խրթին, չար ու բարին խառնելով շաղախիր, ըստ քո ոճի անհասկանալի դարձրու, միայն թե եպիսկոպոսները չամուսնանան: Եթե ոչ, կարող է մի բարի բան ևս ավելանալ հայոց աշխարհում: Եթե թարգմանենք պարոն Մեհրուժի խոսքից, որովհետև նրա ներքին ձայնն այլ բան է ասում, արտաքինն` այլ, այսպիսի նախաբան դուրս կգա. գիտե՞ք, մեր (վերևիններիս), հոգևորներիս դրույթներն այսպիսին են, ով աշխարհիկ հոդվածագիրներ, ով ցած մարդիկ: Ձեր Պողոս առաքյալի առաքելական խոսքը եպիսկոպոսաց ամուսնության թույլատրելի լինելու մասին և մի շարք զգուշացումներ (մեկը վերևում մեջբերեցինք, որ արգելումը դևերի վարդապետությունից է- Մ. Ո.), չենք էլ հիշատակում մեր հոդվածում, եթե ոչ հարցը պարզ կլիներ և վարպետորեն խառնակելն` անհնար:
Եվ սա այն դեպքում, երբ ժամանակին այդ հոդվածագիրներից մեկի քարոզներով է ինքը որպես թե «դարձի եկել», որովհետև ինչ էլ գրեր, ժառանգական ինչ-որ հակաշնորհով շատ բաներ խառնում էր ինքնահակառակի, ինչպես ավելի խորացված խառնակություն է անում իր հոդվածում։
Իսկ այս հարցով Պողոս առաքյալն է ասում, որ ամուսնության արգելումը դևերի դրդմամբ է: Այսինքն, թեպետ Աստծո անունով է արվում, բայց ներհակ է Աստծո փրկագործական ծրագրին:
Սովորաբար, որքան բանականությունից հեռու կամ ճշմարիտ բանականության փոխարեն բանականության կապկում ու ձև է լինում, այնքան դևերի համար լայն ճանապարհ է բացվում` խաբեականորեն ազդելով մարդու զգայականության վրա: Այդ բանի համար Մեհրուժանը խիստ զգուշանում է մարդու բանական լինելուց. հանկարծ կքննեն ու իր դրդումները բանականությամբ ի հայտ կանեն: Եվ անհանգստացած, որ նման բան տեղի կունենա, իր «հոդվածի» վերջում, օրինակ, գրում է. «Ռացիոնալիզմ բառը Օրմանյան պատրիարքը թարգմանել է բանականություն, այսինքն, երբ ճանաչողության միակ աղբյուրը համարվում է բանականությունը` փաստերի և տրամաբանության վրա ծանրանալով, ու բոլորովին հաշվի չի առնվում հավատը»: Պատրիարքը թե ինչ է ասել, Մեհրուժանի միջոցով վստահելի չէ, թե ճիշտը իմացանք, քանի որ բանականությունն իսկ Աստծուց է ծագում, ըստ Հովհաննեսի Ավետարանի, թե. «Սկզբից էր Բանը և Բանը Աստծո մոտ էր և Բանը Աստված էր: Ամենայն ինչ Նրանով եղավ և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը Նրանով էր և Կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը լուսավորում է խավարի մեջ և խավարը Նրան չնվաճեց»:
Ամենևին հաշվի չառնելով, որ նույն Աստծո Բանից է բանականությունը մարդու մեջ, որ լույս ու կյանք է մարդու մեջ, հեղինակը չի խորհել, թե որքան մարդը բանականությունից ընկած է լինում, այդքան սկսում է նմանվել անասունի: Անբանական խղճի հետևություն է, թե հավատը որքան բանականությունից հեռու է, այնքան, իբր, ավելի է կոչված Աստծուց լինել: «Հավատը լսելուց է և լսելը` Աստծո Խոսքից»,- ասում է Աստծո առաքյալը,- իսկ Աստծո Խոսքն ամենաբանականն է, որովհետև Աստծո Բանով է հայտնվել աշխարհում, և դրանով իսկ լույս է, որին չի կարող խավարը նվաճել, ճանաչել: Եվ դևերի մասին է ասվում, թե բանականությունից ընկած են, որովհետև եթե բանականությունը պահպանեին, Աստծուն կլսեին և ոչ թե Սատանային: «Դևերն էլ են հավատում Աստծուն, բայց սարսափում են նրանից»,- ասում է Սուրբ Գիրքը: ՈՒրեմն ոչ թե պիտի ծանրանալ հավատի վրա, որով բազմաթիվ մարդիկ են խաբվում ու աղանդավորներ դառնում, խարդախվում, այլ բանական հավատի վրա, որ անկոտրում է: Եվ բանական հավատ ունեցողին սպանելով էլ կպարտվես, ինչպես որ Խաչելությամբ եղավ և հազարավոր նահատակների հաղթանակի պսակներով:
Սակայն հոգևորականի տոնով խոսելու համար, պարզվում է, որ պարոն Մեհրուժն անգամ հոգևորական էլ չէ: Պարզապես տասը-տասնհինգ տարի առաջ մեկ-երկու տարով Երուսաղեմում հոգևոր վարժարանի ուսուցիչ է եղել: Շատ քիչ չէ՞ շարունակ աչք խոթելը, թե Երուսաղեմում Աստծուն երկրպագած մարդու հետ գործ ունեք, ուստի, ինչ էլ ասեմ, ճիշտ և անքննելի կլինի: Իսկ դրանից այն կողմ որպես թե էլ աշխարհ չկա:
Հայտնի է, որ մարդը դյուրությամբ է գայթակղվում անուններով, տիտղոսներով, մանավանդ Երուսաղեմի անունով: Նման բաներով որս չդառնալու համար Հիսուս Քրիստոս Ավետարանում այս խրատը տվեց: Սամարացի կինը Հիսուսին ասում է. «...Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: Հիսուսը նրան ասաց. «Ով կին, հավատա ինձ, որ ժամանակ կգա, երբ ոչ այս լեռան վրա և ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը: Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք... Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ եկել է, որ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում»: (Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 4):
Այսինքն թե, ըստ Աստծո Ավետարանի, ապրել- վկայելու համար կարևոր չէ անպայման հաջի լինել, այն էլ հարցեր խառնակող որակի և Երուսաղեմի անունով ընթերցողներին կերցնել բանականորեն անուտելի, ոչ ըստ Ավետարանի ծրագրի բաներ, երբ ակնհայտ երևում է, որ սեփական շեղն ու սնանկը սվաղելու համար է պարոն Մեհրուժն իր հոդվածների տակ սուրբ տեղավայրերի անուններ հիշատակում:
Իսկ այսօր մտածելով, որ գրողին ու լրագրողին, առհասարակ` ընթերցողին էլ կարող է ինքնակոչ պատրիարքի ոճով խառնել` նրանց կռվեցնելով հոգևորականների հետ, սուտ փիլիսոփայի կեցվածք ընդունելով` եպիսկոպոսների ամուսնության մեջ «մեծ» պղծության վտանգ է բարեհաճում տեսնել, որ նշանակում է, թե երկու ձեռքով կողմ է եպիսկոպոսների ամուսնության արգելմանը: Մի արգելում, որ, առաքյալի խոսքով, դիվային է, այսինքն` Աստծո կամքին հակառակ: Իբր այդ վտանգները սարկավագների ու քահանաների ամուսնության ժամանակ չէին (չեն) կարող լինել, ի հայտ գալ, կամ աշխարհում իբր այդ վտանգները չկային, և եպիսկոպոսների ամուսնության ժամանակ պիտի միայն երևան գան, վարպետորեն խառնում է պարոն Մեհրուժը: Երբ երկու հազար տարիներ ի վեր հայ հոգևորականներն անվտանգ կին են առնում, որքան էլ այդ ապականություններն աշխարհում եղել են ու կան: «Անվտանգ», քանի որ ըստ մեր հավատարմող եկեղեցու կարգերի են ամուսնանում և ոչ թե ըստ օտարների ապականված բարքերի: Իսկ երբ հատկապես մեր եպիսկոպոսների ամուսնության մեջ է պարոն Մեհրուժը պղծման վտանգ ու խիստ կասկածելի, կորած վիճակ տեսնում, արդյոք չի՞ մտածում, որ դրանով անարգում և վիրավորում է հայ եպիսկոպոսի արժանապատվությունը:
Նաև պարոն Մեհրուժը կուսակրոն էլ չէ, որ կուսակրոնության մասին ճշմարիտ փորձով վկայի, այն էլ այդքան ծայրահեղ խանգարվածությամբ: Այստեղ, թերևս, գործում է առաքյալի նշած «խղճմտանքի խայթի» պարագան, որ հայտնի առակով թարգմանենք: Մի թագավորի որդի հարբեցողության մեջ ընկավ և ձիերի ոտքերի տակ գլորվելով` մեռավ: Հայրն իր որդուն ծայրահեղ սիրելով` հրամայեց խաղողի որթերը կտրել, իսկ գինի քաշողներին սպառնաց մահապատժով: Երբ ոչ թե գինի խմելն էր հանցանք, այլ խմելու ագահությունը, որի պատճառով իր որդին մեռավ: Նույնը և Սողոմոն իմաստունը կուռքերի արձաններին պաշտելու ախտավոր մոլության մասին է վկայում. թագավորի որդին մեռավ, հայրը, որդուն մոլագար սիրելով, նրա արձանը սարքեց և մահապատժով հրամայեց, որ ամենքն էլ որպես աստվածության պաշտամունք մատուցեն իր մահկանացու որդու արձանին: Նույնն է նաև կուսակրոնության չափազանցվածությունը. մեկի որդին անառակ դարձավ, և հայրը կարծեց, թե ամուսնությունն անառակության նման մի բան է:
Որ իբր Պողոս առաքյալից արդեն ավելին գիտենք և խմբագրում ենք նրան: Այդպես իսկ, այդքան չափով սուտ առաքելություն ներմուծելով: Թե բոլոր չարիքներն իբր գալիս են եպիսկոպոսների ամուսնությունից: Պողոս առաքյալի ասած «խղճմտանքի խայթն» այս մասին է, երբ մարդը մոլի է դառնում այլոց համար, փոխանակ ինքն իր խաչի առջև Աստվածահաճո խոնարհվելու, իր խաչը կրելու: Եվ որքան մարդը մոլեռանդ է այդ խայթն ունենալով, այդքան շատ մարդկանց կարող է մոլորեցնելով ու խաբելով շարքից հանել: Այդպես են բոլոր աղանդները, որ խղճմտանքի խայթ ունեն Գրքի այս կամ այն նախադասությունն ամբողջից տարանջատելով: Եվ նաև դրսի ձեռքով Հայաստան մտած աղանդները: Չմտածելով, որ դրանով շեղ կամ դեմ կարող են լինել Աստծո Ավետարանին ու առաքելական իմացական հրահանգին, որ հեռու ու վեր է մարդկային անձնական զգացմունքներից: Եվ ահա մեհրուժական կեղծված Ավետարան է ծագում ու առաջ գալիս: Եթե սխալը հայրերից եկած լինի, և Ավետարանից ճիշտն իմանալով այդ սխալը քարոզենք, հայրերին կռապաշտած կլինենք, նրանց էլ դատապարտություն հասցեագրելով, որովհետև Գիրքն ամենամեծ մեղքը խոսքով մեղանչելն է դիտում:
Հավանորեն, նման վարմունքի ականատես լինելով է, որ «Եկեղեցասիրաց եղբայրությունից» ևս պարոն Մեհրուժին դուրս արեցին, ասելով, թե խառնակն է քարոզում: Իսկ այս հոդված-պատասխանի մեջ պարոնն ամեն ինչ արել է, որ եպիսկոպոսների ամուսնությունը, նրանց, որոնք կամավոր կուսակրոնությանը Աստծով կոչված չեն, որպես պղծանք գործելու որոգայթ ու սկիզբ դիտվի, խոտելի երևա և չիրականանա, երբ Աստծով այր ու կնոջ ամուսնությունը Ավետարանում ու թղթերում սուրբ է անվանվում և հաստատվում: (Այս մասին Պողոս առաքյալն էլ է ասում. «Կ՚ուզէի որ բոլոր մարդիկ ըլլային ինծի պէս. բայց իւրաքանչիւրը ունի իր յատուկ շնորհը Աստուծմէ, մէկը՝ այսպէս, իսկ միւսը` այնպէս»)։ Կուսակրոն լինել-չլինելու ազատ իրավունքի մասին է այսպես ասում, այսինքն. կուսակրոն լինելը կամ մեկ կնոջ այր լինելը Աստծուց են, երկուսն էլ որպես շնորհ և ոչ թե ամուսնությունը որպես ամոթանք կամ պարսավանք կամ պղծման սկիզբ: Որովհետև եթե ամուսնությունը որպես շնորհ չլիներ, ապա եկեղեցում ոչ թե կօրհնեին, այլ ամոթանք կտային նորապսակներին ու կպարսավեին: Մինչդեռ օրհնում են` ընտիր արարողակարգով: Իսկ ի՞նչ հիմունքով պիտի եպիսկոպոսների ամուսնությունը պարսավելի դիտվի, երբ նման հիմունք, ըստ Աստվածաշնչի, չկա և չի եղել: Նույն ամուսնությունը որպես շնորհ լինելն այլ տեղերում էլ է առաքյալն ասում, բնականաբար, կուսակրոնությունն Աստծո առջև առավել դիտելով, բայց ամեն բան կամովին պիտի լինի, առանց ճնշման և յուրաքանչյուրին ըստ Աստծո` նրան տրված հավատի ու շնորհի չափով: Ինչպես, օրինակ, այս հատվածից ենք տեսնում. «Եվ ով ամուսնացնում է իր կույս աղջկան, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, առավել ևս լավ է անում»: (Ա. Կորնթ. Է. 27-40): Այսինքն` կուսակրոնն ու ամուսնացած քրիստոնյան, բարձրաստիճան լինեն, թե ցածր, լավի և առավել լավի տարբերության մեջ են և ոչ թե վատաբանման կամ պարսավի կամ վախեցնելով որևէ մեկին բռնի կուսակրոն դարձնելու կեղծ սրբամոլության կամ կուսակրոնամոլության: Իսկ առաքյալների խոսքերն առաքելական եկեղեցում որպես Աստծո կամք են դիտվում և ոչ թե անձի մարդկային արտահայտություն: Ինչպես որ պարոն Մեհրուժն է այլևայլ խոսքերով ջանում առաքելականն իր սովորույթի համեմատ խճողել, պատրանքել, այլաձևել` հենարան ունենալով մեր նախնի հոգևոր հայրերի այս հարցում սխալ մի դիրքորոշում: Հիշենք, որ նրանք ևս մարդ են եղել և ոչ անսխալական: Եվ հայրերը ոչ քիչ քանակով ոսկե էջեր ունեն, դրանք թողած չե՞նք լինի, եթե նրանց գործած մարդկային սխալները քարոզենք` արդեն նախապես ծանոթ լինելով Աստծո Ավետարանին:
Եվ իր հոդված-պատասխանի մեջ, որպես թե «կաթողիկոսական բարձրությունից» խոսելով (ժամանակին պարոն Մեհրուժն ինքն իր մասին սուտ մարգարեություն էր պատմում, թե պիտի լինի Հայոց ապագա կաթողիկոսը և հավատում էր ինքն իր պատմածին): Իսկ խնդրո առարկա հարցը պարոն Մեհրուժը, մեղմ ասած, լիարժեք չի էլ ըմբռնում, թե ինչի մասին է, հակառակ դեպքում, եթե հասկանում է, ուրեմն դիտմամբ և վարպետորեն է մոլորեցնում, և թվում է` դրսից հրահանգ է կատարում:
Իսկ մեր առաջարկած խնդիրը ճշմարիտ որ լուրջ է, այն, որ ավելի լավ է, երբ ովքեր Աստծով պատրաստ չեն կուսակրոնության, նրանք ամուսնանան, քան գայթակղվեն շնության, քան ապականության մեջ ընկնեն: Այսօրվա համաշխարհային գլոբալ ապականությունները, եկեղեցիներն ապականելու մասոնական ծրագրերը նման առաքելական դեղատոմս են հուշում ու կոչում, առաքինությունն ամրացնող դեղատոմս, որ Պողոս առաքյալն է տալիս, ասելով.
«ՈՒրեմն, ինչ կը վերաբերի այն բաներուն, որոնց մասին գրեցիք ինծի, լաւ է մարդուն համար՝ որ կնոջ չմերձենայ։ Բայց պոռնկութենէն խուսափելու համար՝ յուրաքանչյուրը թող ունենայ իր կինը, և ամէն կին թող ունենայ իր ամուսինը։ Ասիկա կ՚ըսեմ՝ արտօնելով, ո՛չ թէ հրամայելով։ Որովհետև կ՚ուզէի որ բոլոր մարդիկ ըլլային ինծի պէս. բայց յուրաքանչյուրը ունի իր յատուկ շնորհը Աստուծմէ, մէկը՝ այսպէս, իսկ մյուսը` այնպէս։
ՈՒստի կ՚ըսեմ ամուրիներուն և այրիներուն. «Լավ կ՚ըլլայ անոնց համար, եթէ մնան ինծի պէս» (այսինքն` կուսակրոն-Մ. Ո.)։ Բայց եթէ ժուժկալություն չունին, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան բորբոքուիլ»։
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ